Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անզոր են Անիլ Քոսլայի «հզորության» դիմաց

Անզոր են Անիլ Քոսլայի «հզորության» դիմաց
15.07.2026 | 11:20

Ո՞վ է ավելի «հզոր»` ՀՀ ներքին գործերի նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն միասին վերցրա՞ծ, թե՞ Հայաստանում գործող հնդիկ Անիլ Քոսլան:

Խնդիրն ունի երկու կողմ: Եթե խոսքը գնում է ընդդիմադիր հայացքներով ՀՀ քաղաքացիների մասին, ապա աներկբա է` Ոստիկանությունից և Քննչականից ավելի «հզոր» կառույց չկա: Սակայն, հնդիկ Անիլ Քոսլան հայ ընդդիմադիր չէ: Ավելին` վերջինս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան չէ: Անիլը, նույնիսկ` Ծառուկյան Գագիկի կոկորդիլոսը չէ: «Հզոր» անձնավորություն է Անիլ Քոսլան: Առերևույթ` Հայաստանի ուժային կառույցներից շատ ավելի «հզոր է»:

Երբ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների ընթացքում փակ էր Իրանի օդային տարածքը, Անիլ Քոսլան պատրաստվում էր այն ժամանակավորապես «բացել»: Վերջինս Հնդկաստանի քաղաքացիներից գումար էր ստանում և դրա դիմաց Դուբայ-Երևան կեղծ ավիատոմսեր տրամադրում: Ավիատոմսեր, որոնք, ըստ Անիլ Քոսլայի, կարելի էր օգտագործել Իրանի փակ օդային տարածքով դեպի Հայաստան ուղևորվելու համար:

Ինչևէ: Անիլի գործունեությունից տուժած հնդիկները դիմում են ՀՀ ոստիկանություն: Ընդ որում, ոստիկանության մի քանի բաժանմունք: Ոստիկաններն անզոր են Անիլի «հզորության» դեմ: Արաբկիրի Քննչականի քննիչ Գրիգորյան Դիանան էլ կարծում է, որ Անիլ Քոսլային կեղծ ավիատոմսի դիմաց վճարած հնդիկները գումարը տվել են կամավոր, հետևաբար` ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Ըստ էության, քննիչի կարծիքով, խարդախությունը պետք է անպայման զուգորդվի ավազակային հարձակման տարրեր պարունակող գործողության հետ: Եթե չի զուգորդվում, ապա խարդախություն չկա:

Թեպետ, քննիչն ու ոստիկանները մեղավոր չեն: Նախ` որովհետև Անիլ Քոսլան իրենցից շատ ավելի հզոր է: Օրինակ` ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածքի ռմբակոծության ընթացքում, քննիչն ու ոստիկանները կարո՞ղ էին արդյոք բացել Իրանի օդային տարածքը: Միանշանակ` չէին կարող: Իսկ Անիլ Քոսլան կարող էր և այդ իսկ պատճառով փակ օդային տարածքով ավիափոխադրումներ էր կազմակերպում, ավիատոմսեր վաճառում:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը (Embassy of India, Yerevan) նույնպես անզոր է Անիլ Քոսլայի «հզորության» դիմաց: Վերջինս լուռ հետևում է իրադարձությունների զարգացմանը: Իսկ Անիլ Քոսլան, Թրամփի հետ միասին, արդեն պատրաստվում է շահագործել TRIPP-ը:

Հզոր մարդ է Անիլ Քոսլան:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ